Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 24-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածի փողոցում գործող «Լյուքս» հյուրանոցի մոտ զենքով հարձակում է տեղի ունեցել։

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Կայքի տեղեկություններով՝ Արագածի փողոցի 6 հասցեում գործող «Լյուքս» հյուրանոցի մոտից պարեկները բերման են ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Արման Պ-ին, 22-ամյա Յուրիկ Ա-ին, Երևանի բնակիչներ՝ 38-ամյա Արշակ Մ-ին, 29-ամյա Արծրուն Խ-ին, 30-ամյա Հայկ Ղ-ին և Արարատի մարզի բնակիչ՝ 40-ամյա Աննա Մ-ին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Արման Պ-ն իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով սպառնացել է Հայկ Ղ-ին, որ կսպանի, որից հետո Արման Պ-ն և Յուրիկ Ա-ն հարվածներ են հասցրել Հայկ Ղ-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել, փաստի առթիվ հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Արման Պ-ի մոտ հայտնաբերվել է «MP-654 K» օդաճնշիչ ատրճանակ։