ՌԴ Պետդումայում «Միասնական Ռուսաստան» խմբակցության կազմում կընդգրկվեն աշխատանքի նախկին նախարար Մաքսիմ Տոպոլինը, երգիչ Դենիս Մայդանովը, Ռուսաստանի Հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակը և Դումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ներկայիս ղեկավար Վլադիմիր Շամանովը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կուսակցության աղբյուրին:

Բացի այդ, հաղորդվում է, որ Մարիա Բուտինան նույնպես կընդգրկվի Պետդումայի նոր կազմում:

Խորհրդարանի ստորին պալատի ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 17-19-ը: Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցությունը ստացել է 324 մանդատ, Կոմունիստական կուսակցությունը՝ 57, «Արդար Ռուսաստանը»՝ 27, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 21, «Նոր մարդիկ»՝ 13:

Իշխող կուսակցության դաշնային ցուցակի առաջատար հնգյակում են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, երեխաների իրավունքների պաշտպան Աննա Կուզնեցովան և Համառուսական ազգային ճակատի շտաբի համանախագահ Ելենա Շմելևան: