Այսօր առավոտյան Կիևի մերձակայքում անհայտ անձինք գնդակոծել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին օգնական Սերգեյ Շեֆիրի ավտոմեքենան։

«Հարձակման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պաշտոնյայի վարորդը», — հաղորդել է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը՝ տեղեկացնելով նաև, որ մեքենայի ուղղությամբ ընդհանուր առմամբ 10 կրակոց է արձակվել։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմում Զելենսկու օգնականի դեմ իրականացված գործողությունը կապում են երկրի ղեկավարի և ազդեցիկ գործարարների միջև վերջին շրջանում ծագած տարաձայնությունների հետ։

«Նախագահի առաջին օգնականի մեքենայի գնդակոծումը մենք կապում ենք այն ագրեսիվ արշավի հետ, որ իրականացվում է վերջին շրջանում։ Դրա նպատակն է հակազդել օլիգարխների ազդեցությունը նվազեցնելու նախագահի ակտիվ քաղաքականությանը», — նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը։