ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակված նախագծերի փաթեթն ուղարկվել է Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն:

Փաթեթին կցված են նաև նախագծերի ընդունման հիմնավորումները:

Նախագծերի փաթեթն ուղարկվել է վերոհիշյալ հաստատություններ՝ հաշվի առնելով, որ նոր են ձևավորված Կառավարությունն և ԱԺ-ի մարմինները։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած արտոնություններից են, օրինակ՝

• աշխատանքի պահպանման նախապատվության իրավունքը

• չվճարվող արձակուրդի տրամադրման պարտադիր կարգը.

• ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության արտոնությունը.

• զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունքը և այլն։

Զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած արտոնությունների ընդունումը կունենա սոցիալական կարևոր նշանակություն եւ կնպաստի զինվորական ծառայության հեղինակության աճին։  Առաջարկվող արտոնությունները նաև կբարձրացնեն ծառայություն անցնող կամ անցած զինծառայողների կարգավիճակը:

Ներկայացվող առաջարկությունների իրական շահառուներ կարող են լինել տարբեր կատեգորիայի զինծառայողներ կամ նրանց ընտանիքների անդամներ, այդ թվում՝

ա) ժամկետային պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները,

բ) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ,

գ) ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ, նրանց և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,

դ) ՀՀ կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած կամ մասնակցող անձինք կամ նրանց ընտանիքների անդամներ և այլն:

Նախագծերի փաթեթն առավել կարևոր է դառնում հատկապես հետպատերազմական շրջանում, երբ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորումը, ամրապնդումն ու պաշտպանությունն առաջնահերթ հրամայականն է:

Պետք է ամեն կերպ արժևորել զինվորական ծառայությունը, իսկ առաջարկվող արտոնությունները կնպաստեն, որպեսզի բանակում ծառայությունը դառնա ավելի գրավիչ նաև հենց ծառայության մեջ գտնվողների և նրանց ընտանիքների համար:

Նշենք, որ նախագծերի հիման վրա 2021 թվականին հրապարակվել է նաև արտահերթ զեկույց՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային փորձը։