Եվրահանձնաժողովը հինգշաբթի օրենսդրական առաջարկ կներկայացնի հեռախոսների, պլանշետների և ականջակալների համար ընդհանուր լիցքավորման լար կիրառելու մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:

Աղբյուրի տվյալներով՝ այս քայլն ավելի շատ ազդեցություն կունենա Apple ընկերության վրա, քան նրա մրցակիցների: ԵՄ օրենսդիրները վերջին տասնամյակի ընթացքում պարբերաբար առաջ են քաշում ընդհանուր լիցքավորման լարի գաղափարը՝ նշելով, որ դա ավելի լավ կլինի շրջակա միջավայրի համար և ավելի հարմար՝ օգտատերերի:

Եվրահանձնաժողովում ցանկանում են, որ լիցքավորման լարերի վաճառքն առանձնանա գաջեթների վաճառքից:

Ամերիկյան տեխնոլոգիական հսկան, որի iPhone-ները լիցքավորվում են իրենց հատուկ Lightning լիցքավորման լարով, հայտարարել է, որ լիցքավորումը նույնականացնելու գաղափարը կարող է խոչընդոտել նորարարությանը, մեծ թվով էլեկտրական թափոններ առաջացնել և նյարդայնացնել հաճախորդներին:

Apple-ի մրցակից Android համակարգով աշխատող սմարթֆոնները լիցքավորվում են USB-C միակցիչների օգնությամբ:

Ըստ Եվրոպական հանձնաժողովի ուսումնասիրության՝ 2018 թվականին բջջային հեռախոսների հետ վաճառված լիցքավորման լարերի կեսը USB micro-B միակցիչով են եղել, մինչդեռ 29 տոկոսը՝ USB-C, իսկ 21 տոկոսը՝ Lightning: