Երեկ մեր կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի և մեր խմբակցության պատգամավորների հետ այցելել ենք Մաճկալաշեն համայնք, որտեղ ականատես ենք եղել հետևյալ պատկերին. թշնամին GPS-ով եկել, հասել էր Ամարասի վանքի մոտ և իր դրոշները դրել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Այդ միջադեպից հետո հայկական կողմը դիմել է ռուս խաղաղպահներին, որոնք շատ կոշտ կերպով ադրբեջանցիներին հետ են ուղարկել իրենց ելման դիրքեր։ Թշնամու հեռանալուց հետո ռուսական կողմը համայնքի ղեկավարին և բնակիչներին առաջարկել է հանել վանքի վրայի Արցախի դրոշը։

Նախկինում վանքի վրա դրոշ չի եղել. այն դրվել է պատերազմից հետո, և եթե արդեն դրված էր, հանել, միանշանակ, չէր կարելի, որովհետև հանելը պարտության նշան է։ Ամեն դեպքում, դրոշը հանվել է, մենք թեև պահաջել ենք, որ այն նորից դրվի, բայց չեմ կարծում, որ համայնքապետը կանի դա», — ասաց արցախցի պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանը շեշտեց, որ Մաճկալաշենում խնդիրները բազմազան են՝ սոցիալականից մինչև անվտանգային, և իրենց խմբակցության պատգամավորները պարբերաբար այցելում են նշված համայնք՝ դրանց ծանոթանալու և լուծումներ տալու։