Միջուկային գործարքի հարցով բանակցությունները կվերսկսվեն Վիեննայում մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Վիեննայի բանակցությունները կվերսկսվեն շուտով, մի քանի շաբաթվա ընթացքում: Այս տեղեկատվությունը փոխանցվել է [4+1 ձեւաչափի երկրներին] (Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա)»,-նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:

Միաժամանակ դիվանագետը հավելել է, որ «մինչ այս կառավարության քաղաքական թիմը պետք է վերջնական եզրակացություններ անի այդ բանակցությունների վերաբերյալ»:

Նրա խոսքով՝ «միջուկային գործարքը եւ Վիեննայում ընթացող բանակցությունները կլինեն հիմնական թեմաները [Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի] երկկողմ հանդիպումներում ՝ ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի եւ  4 +1 երկրների ներկա արտգործնախարարների հետ։