Համերգին ելույթ կունենան աշխարհում հեղինակություն վայելող երաժիշտներ Լևոն Մինասյանը (դուդուկ) և Դաֆեր Յուսեֆը (ուդ և վոկալ) իրենց խմբերով:
«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում «Musika» ասոցիացիայի պրոդյուսեր Անի Գասպարյանն ասաց, որ երաժիշտները հանդես կգան նաև համատեղ կատարումներով՝ հնչեցնելով Կոմիտասի, Սայաթ-Նովայի և այլ հեղինակների ստեղծագործություններ:
«Հանդիսատեսը կկարողանա ճանապարհորդել Միջին Արևելքի երաժշտական պատմության միջով՝ ականատես լինելով մշակութային երկխոսության: Վերջին ժամանակներում Միջին Արևելքի ամբողջ տարածքը զերծ չմնաց աշխարհաքաղաքական ընդհարումներից, և բավական անհանգստացնող իրադարձությունները մեզ հանգեցրին այն մտքին, որ միայն երաժշտության և արվեստի միջոցով հնարավոր կլինի հաշտեցնել, երկխոսել ու ճանապարհ գտնել դեպի խաղաղություն»,- ընդգծեց Անի Գասպարյանը:
Նա ասաց, որ Լևոն Մինասյանը ամբողջ աշխարհում ներկայացնում է Հայաստանը խորհրդանշող դուդուկը և բազմաթիվ հայտնի ֆիլմերի երաժշտության հեղինակ է: Երաժիշտը հանդես է եկել այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Սթինգը և այլք: Իսկ Դաֆեր Յուսեֆը ուդ է նվագում և երգում: Յուսեֆն ինքնուս երաժիշտ է, երգահան և հանդես է գալիս տարբեր ոճերում: Անի Գասպարյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ Յուսեֆի խմբում է նվագել նաև Տիգրան Համասյանը: Խմբի համերգները մշտապես մեծ բավականություն են պատճառել հանդիսատեսին: Այս համերգին նա համագործակցելու է նորվեգացի հայտնի կիթառահար Էիվինդ Արսեթի հետ:
Անի Գասպարյանի խոսքով՝ երեկոյին ելույթ կունենան նաև Ժնևի կոնսերվատորիայի ուսանողները. «Նրանք կկատարեն գործեր հայկական ժողովրդական երգերի մոտիվներով: Ինձ համար հուզիչ է, որ ուսանողները հայ չեն, սակայն այդքան մաքուր ու գեղեցիկ են մատուցում մեր երաժշտությունը»,- խոստովանեց պրոդյուսերն ու տեղեկացրեց, որ համերգին ներկա կլինեն Ժնևում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, այլ պաշտոնյաներ, հայ և օտարազգի երաժշտասերներ: Երեկոն լուսաբանվելու է շվեյցարական մեդիահարթակներում: