Այդ խնդրանքների ձևերին արդեն ծանոթ ենք. Էյվազլի, Չայզամ: Շուտով՝ Բասարգեչար, հետո էլ Էրիվան: Դե Շուշա արդեն շատ եք ասել ու իրականացրել…Նման գրառում է արել Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեսբուքի իր էջում։

«Ադրբեջանցիները Արցախ մեկնող մեքենայից դանակի օգնությամբ քերելով հեռացրել են Արցախի դրոշը, իսկ Ալեն Սիմոնյանը տեսեք, թե ինչ է ասում.

«Նման մանր գործողությունների ձևով միգուցե անեն, բայց որևե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, զինանշանը։ Դա ապարդյուն գործ է, որը միտված է մարդկանց նյարդայնացնելուն»,-մեկնաբանեց ԱԺ նախագահը։

Տեսնես էլ ինչպե՞ս պիտի հեռացնեին Արցախի դրոշը, որ Ալենը համարեր հեռացնել…

Այսինքն ի՞նչ է ստացվում. ադրբեջանական կողմն ամեն կերպ մեզ նյարդայնացնում է, այսինքն՝ ամենևին ցանկություն չունի մեզ հետ սկսել խաղաղության դարաշրջան և այդ մասին ասում է անձամբ Ալեն Սիմոնյանը:

Այդ դեպքում դուք ո՞ւմ հետ եք ուզում խաղաղություն հաստատել: Ակնհայտ է, որ Ադրբեջանի և Թուրքիայի: Բայց այդ ինչպե՞ս եք խաղաղություն հաստատելու, եթե նրանք անգամ Ալենի ասած մանր գործողություններով են մեզ նյարդայնացնում:

Ստացվում է, որ նրանք մեզ շարունակ նյարդայնացնելու են, իսկ մենք չնյարդայնանանք, այլ՝ խնդրենք խաղաղություն: Իսկ այդ խնդրանքների ձևերին արդեն ծանոթ ենք. Էյվազլի, Չայզամ: Շուտով՝ Բասարգեչար, հետո էլ Էրիվան: Դե Շուշա արդեն շատ եք ասել ու իրականացրել…»,-գրել է նա։