Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման և 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ Արսեն Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, սեպտեմբերի 14-ին բավարարել էր Արսեն Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Ընդ որում, սա Ղազարյանին կալանավորելու երրորդ փորձն էր, քանի որ առաջին ատյանի դատարանները երկու անգամ արդեն մերժել էին կալանավորման միջնորդությունները, ընդ որում, որոշումներից մեկը դատարանը կայացրել էր օրերս՝ օգոստոսի 31-ին։ Վարույթն իրականացնող մարմինը լրացրել է Ղազարյանի մեղադրանքը և նոր միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է։

Կալանավորման հիմքերից դատարանը հավանական է համարել միայն գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը, ընդ որում, նախաքննության ավարտական փուլում, մինչդեռ, նախաքննության ողջ ընթացքում՝ շուրջ 6 ամիս Ղազարյանը գտնվել է ազատության մեջ։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ վերաքննիչ բողոքի շրջանակներում վիճարկվել է կալանավորման հիմքի մասով, քանի որ 15-օրյա ժամանակահատվածում առկա է նույն դատարանի երկու տարբեր իրավական դիրքորոշում։

«Ամբողջությամբ նույն հիմքին վերաբերող փաստական հանգամանքների մասով օգոստոսի 31-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը գտնում է, որ այդտեղ հիմքերն առկա չեն, նույն հիմքերի մասով՝ 15 օր անց նույն դատարանը գտնում է, որ արդեն այս դեպքում կալանավորման հիմքերն առկա են։ Աննախադեպ իրավիճակ է, քանի որ ունենք իրավազորության առումով նույն դատարանի երկու տարբեր որոշումներ և մեզ համար այս պահին պարզ չէ, թե դրանցից որն է իրավազոր և որն է իրավաչափ։ Ընդ որում՝ երկրորդ՝ ավելի ուշ կայացված դատարանի որոշումը գերակա ուժ չունի առաջին որոշման նկատմամբ, քանի որ դատարանի երկրորդ որոշումը վերադաս չէ»,-նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս աննախադեպ իրավիճակի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանն իր իրավական դիրքորոշումը կհայտնի։

Փաստաբանը հայտնեց, որ առաջիկայում ՀՀ արդարադատության նախարարությանը միջնորդություն կներկայացվի՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։

Հիշեցնենք, որ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայող գերության մեջ է հայտնվել պատերազմից հետո, իսկ գյուղերն էլ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու և մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։