SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 16-ին, երիտասարդ աղջիկների  մասնակցությամբ ծեծկռտուք  է տեղի ունեցել Երևանում:  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները  Հյուսիսային պողոտայից  մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 3 երիտասարդ աղջկա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Ռուզաննա  Մ.-ն,  21-ամյա Զարուհի Դ.-ն, 28-ամյա Անգելինա Հ.-ն:  Ըստ նախնական տեղեկությունների՝ Հյուսիսային պողոտայում նշված անձինք կասկածվում են Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա  Վիկտորիա Հ.-ին ծեծի ենթարկելու մեջ:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վիկտորիա Հ.-ն: Բերման ենթարկված  աղջիկները  հրաժարվել են բացատրություն տալուց, ինչից հետո բաց են թողնվել:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  Ոստիկանությունն ունի նաև տեղեկություններ, որ Վիկտորիա Հ.-ն է հարձակվել նշված անձանց վրա: Այդ փաստը նույնպես պարզվում է: