«Մենք այսօր ականատես  ենք դառնում մարդկանց մոլորեցնելու հին, դասական փորձին»։ Irakanum.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԲՀԿ-ական Արման Աբովյանը, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այսօրվա հարցազրույցին և դրան հաջորդած որոշ մեկնաբանությունների, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «զադնի» է դրել։

Հիշեցնենք, որ անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե մինչև վերջ գնալու է, Գագիկ Ծառուկյանը շեշտեց. «Այո՛, ասել եմ՝ մինչև վերջ գնալու եմ, մինչև վերջ գնացել եմ, մինչև վերջին պահը իմ տեսակետը, պատկերացումը ներկայացրել եմ»։

Հաջորդ հարցին՝ կրկին պահանջո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Գագիկ Ծառուկյանը պատասխանել էր. «Այսօր այնպիսի ընդդիմություն կա, նրանք ավելի արմատական են, որ իրենք այսօր այդ գործն անում են, մեզանից ինչ կախված է՝ պատրաստ ենք ասելու, ներկայացնելու»։

Իսկ եթե ինչ-որ գործընթացներ լինեն, ԲՀԿ-ն կմիանա՞՝ հարցին, Գագիկ Ծառուկյանը պատասխանել էր. «ԲՀԿ-ն ոչ մեկին էլ չի միանա։ ԲՀԿ-ն իր տեղում է, իր գործով զբաղվում է կառուցողական»։

Մեզ հետ զրույցում Արման Աբովյանը ևս ասաց, որ ԲՀԿ-ն ինքնուրույն քաղաքական ուժ է և առաջնորդվում է բացառապես իր օրակարգով։ «Գոյություն չունի գեթ մեկ մարդ, ով դիտել է Գագիկ Ծառուկյանի այսօրվա հարցազրույցը և եկել է շատ պարզ մի որողության , որ այո ԲՀԿ-ն միշտ շարժվել է իր օրակարգի ներքո, ԲՀԿ-ի մոտ քաղաքական առումով ոչ մի փոփոխության մասին ոչ մի խոսք չի գնացել և երրորդը՝  շատ պարզ հայտարարվել է, որ այո քաղաքականության մեջ ենք և մենք շարժվում են մեր ուրույն ճանապարհով»,- ասաց Աբովյանը։

Նա հիշեցրեց, որ այսօր եթե ոմանք խոսում են կառավարության, կամ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին, ապա Գագիկ Ծառուկյանն առաջիններից էր, որ այդ մասին խոսել էր և որից հետո սկսվել էին լայնածավալ ճնշումներ։ «Դուք չեք  գտնի գեթ մի խոսք, քաղաքական կուրսի, կամ քաղաքական տեսլականի փոփոխության ներքո։ Ասել ենք, ասում ենք և կասենք, արել ենք ու անելու ենք ամեն ինչ որ երկիրն այս ահավոր ծանրագույն իրավիճակից դուրս հանենք։ Մնացածը շինծու, գեներացվող, լկտի ստեր են»,- եզրափակեց Արման Աբովյանը։

Irakanum.am