Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր առավոտից Արմավիրի մարզի Ամասիա, Նալբանդյան, Արմավիր, Նոր Կեսարիա և հարևան համայնքների մի քանի տասնյակ խաղողագործներ փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը՝ պահանջելով լուծել խաղողի մթերման հարցը:

Նշված համայնքների գյուղացիները տարիներ շարունակ խաղողը հանձնել են ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ  առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի Ամասիայի մթերման կետին: Այս տարի մթերման կետը դեռ չի բացվել, գյուղացիներն անորոշության մեջ են:

Irakanum.am-ի հետ զրույցում կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը հայտնեց, որ իրացման ծավալները օբյեկտիվ պատճառներով նվազել են, որի հետևանքով իրենց մոտ առաջացել է պաշարների ամբարման խնդիր։ «Մենք տեղ չունենք, որ մթերում կատարենք, նախորդ տարիներին մթերում իրականացրել ենք, թորվել է սպիրտը։ Հիմա հավելյալ տեղ չունենք, որ մթերում կազմակերպենք»,- ասաց Արման  Դավթյանը։

Նրա խոսքով՝ փորձել են խնդիրը կարգավորել, կառուցելով մթերման նոր պահեստ,  անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են համապատասխան կառույցներին, բայց գործընթացը ձգձգվում է։ Արման Դավթյանն ասաց, որ անհրաժեշտ էր լուծումներ ավելի վաղ մշակել, որպեսզի գյուղացիները չկանգնեին նման խնդրի  առաջ։ Կոնկրետ իրենց ընկերությունը մշտապես մթերել է գյուղացիներից խաղող, սակայն այս տարի օբյեկտիվ պատճառներով այն իրականացնել չի կարող։ Ամեն դեպքում ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր գործողությունները հետագայում նման խնդիրներից գյուղացիներին զերծ պահելու համար։