Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը։ Նրանք կտրականապես դեմ են համայնքների խոշորացման ծրագրին։ Պնդում են, որ առաջնայինը անվտանգության խնդիրն է, խոշորացումը հավելյալ պրոբլեմներ է առաջացնելու։

««Մեր կարծիքը հարցր՞ել են, ասե՞լ են՝ ուզու՞մ եք, թե՞ չեք ուզում»: «Այստեղ փասխտականներ են ապրում, շան տեղ չեն դնում փախստականներին»։ «Մինչև ե՞րբ պետք է ամբողջ գիշեր նստենք, նայենք, տեսնենք՝ թուրքը գալիս է, թե չի գալիս, այդքանը հաշվի առե՞լ են, որ իրենց Երևանում նստած են, մտածու՞մ են, մենք գիշերները քնա՞ծ ենք, թե՞ անքուն ենք»:  «Սահմանի բերանին ենք։ Թող իրիկունները գան, տեսնեն, որ սարերի վրա թուրքի լույսերն են վառվում, էդ անեն, ոչ թե համայնքների միացում անեն։ Առաջ Հայաստանի վիճակը, անվտանգոթյունը կարգավորեն»», — հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները։

Համայնքի բնակիչները պահանջում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գա և իրենց հարցերին պատասխանի։

Տեղում աշխատում են ոստիկանները։ Սկզբում ակցիայի մասնակիցներին 10 րոպե «ողջամիտ ժամկետ» տրվեց ճանապարհը բացելու համար, ապա ոստիկանները փորձեցին ուժով բացել ճանապարհը։