Արդեն մի քանի օր է՝ Երևանի Իսակովի պողոտայում հսկայական փոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար: Shamshyan.com-ը հայտնում է, որ գրեթե ամեն օր վարորդները սեփական մաշկի վրա են զգում այդ փոսի պատճառով կրած նյութական վնասները: Այսօր հերթական անգամ վթար է տեղի ունեցել այդ փոսի պատճառով. ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողը՝ ծառայողական ավտոմեքենայով, չնկատելով փոսը, ընկել է դրա մեջ, ապա կորցրել ավտոմեքենայի կառավարումը, առաջ ընթացել, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու բախվել պատին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Թե ով է փոխհատուցելու վնասը, դեռևս պարզ չէ: Կիլիկիա թաղամասի բնակիչները հայտնել են, որ պատրաստվում են փակել ճանապարհը, իսկ փոսը լցնել քաղաքապետի և վարչական շրջանի ղեկավարի նկարներով: