Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես լուսանկար է հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից, որից պարզ է դառնում, որ Հայաստանից դրան չի մասնակցել ՀՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ պաշտպանության նախարարը։ Այս մասին գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը և հավելել.

«Հայաստանից միակ մասնակիցը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա ձվերով գրոհի մասնակից ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ ՀԱՊԿ-ի հանդեպ նման ցուցադրական արհամարհանք ցուցաբերած երկիրը ՀԱՊԿ-ի այն միակ անդամն է, որն իր երկրի և ՀԱՊԿ-ի պատմության մեջ առաջին անգամ դիմել է այդ կազմակերպությանն աջակցության խնդրանքով և կառավարության գործունեության ծրագրով ապավինում է այդ կազմակերպությանը` իր իսկ սահմանների պաշտպանության և անվտանգության կազմակերպման հարցում»: