Այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով, ունեն բազմաթիվ շերտեր և ենթատեքստեր: Շատ կարևոր է, որ մենք այդ ենթատեքստերը ճիշտ ընկալենքև ճիշտ թարգմանենք: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Որոտանում ադրբեջանցիների կողմից անցակետ տեղադրելուն.

Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեցրեց 2010-ին ԱԺ-ի ընդունած «Վարչատարածքային բաժանման մասին օրենքը», որտեղ, ըստ նրա, հստակ արձանագրվում է, որ մասնավորպես Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին.

«Տվյալ դեպքում պետք է արձանագրեմ, որ այս իրողությունն է, ինչպես նաև Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանն է ընդունվել որպես հիմք: Այդ հատվածներում երկու տեղ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից: Այս հանգամանքի բվերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում տեղակայվել են ձեզ հայտնի ցուցանակները: 2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար։

Ենթադրում եմ, որ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաև օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը՝ պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ»,-ասաց Փաշինայնը և հավելեց, որ Հայաստանը, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պիտի բացվեն, այնուամենայնիվ արձանագրում է, որ օտարկերկրյա բեռները ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում՝ Ադրբեջանի արեւելյան շրջաններից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն գնալիս պիտի հատեն մաքսային, անձնագրային և այլ կետեր:

Իսկ թե ինչու է իր ելույթներում օգտագործել Էյվազլի և Չայզամի տեղանունները, Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց, թե դա արվել է, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ կամ ՀԽՍՀ տարածքում, այլ այդ տարածքից դուրս: