«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ երկար ժամանակ է անհետ կորածների խնդրով զբաղվելու հարցով լուրջ մարմին չի ստեղծվել, չնայած վերջիններս Փաշինյանի հետ մշտական հանդիպել են։

«Գուցե պատճառը նա՞ է, որ այդ տղաների ծնողները խանգարում են, որ գունագեղ տոնակատարությունները ավելի շատ լինեն։ Միթե՞ այս իրավիճակում, երբ ունենք գերիներ, անհետ կորած տղաներ, Եռաբլուրում թարմ շիրիմներ.. այս իրավիճակում միթե՞ ավելի ընդունելի ձև չկար անկախության օրը նշելու, քան փայտով տղերքի ծնողների սիրտը փորփրելն էր գունագեղ շոուով»։

Նազարյանը հարցրեց՝ գուցե այդ խնդրով զբաղվելու փոխարեն, անհետ կորածների հարցով զբաղվող հանձնաժողով ստեղծվե՞ր, երկու միլիոնն էլ հատկացվեր, որ ավելի լավ զբաղվեին։ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ ինքն էլ վերջին ամիսներին տասնյակից ավելի հանդիպումներ է ունեցել անհետ կորածների հետ, որոնք չեն լուսաբանվել։

«Անհետ կորածների հարցով զբաղվող մարմին կա։ Հարազատներին ասել եմ, որ ինքս եմ այդ հարցերը համակարգում և մեր պետական մարմինները՝ ամենաբարձր մակարդակով զբաղվում են այդ հարցով»։

Փաշինյանը նշեց, որ հիմնական հարցադրումը այն է, որ 11 ամիս է, լուր չունեն զինծառայողներից։

«Լուր չունենալն է պատճառը, որ օգտագործում են այդ ցավալի բառակապակցությունը»։

Փաշինյանն այդպես էլ չնշեց այն միջգերատեսչական հանձնաժողովի անունը, որը զբաղվում է անհետ կորածների և գերեվարվածների հարցով։

Գունագեղ տոնակատարությունների մասին խոսելիս Փաշինյանը ներողություն խնդրեց նրանցից, ում զգացմունքները վիրավորել է։

Հիշեցրեց, որ տրամադրությունը տոնական չէ, բայց ՀՀ-ն 30 տարեկան է, դա պետք է անել դրոշներով, իսկ ՀՀ դրոշի գույները վառ են։

«Չեմ կարծում, որ պետք է չեղարկենք դրոշի գույները, բայց ուզում եմ ասել, որ միջոցառման առանցքը մեր նահատակների հիշատակի ընդգծումն է»։

Վարչապետը հայտնեց, որ նախատեսվում է, որ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է ՀՀ և Արցախի երեք պատերազմում մարտական հերթապահության ժամանակ զոհված եղբայրների և քույրերի հիշատակը հավերժացնող մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ քննարկումներ են ընթանում մոտ 6 ամիս։

«ՀՀ անկախության որևէ տոնակատարություն մենք չենք ունեցել 30 տարվա պատմության մեջ, երբ որ չունենանք անհետ կորածներ,

«Եռաբլուրում թարմ շիրիմներ», զինվորներ են զոհվել ոչ միայն պատերազմական, այլև խաղաղ վիճակում։ Դիլեման այն է՝ արդյոք պետք է ընդգծել ՀՀ անկախության տարեդարձը։ Մեր բոլոր նահատակները ընկել են, որ ՀՀ-ն ապրի»։

Նազարյանը փաստեց, տղերքը զոհվել են ոչ թե նրա համար, որ իրենց հիշատակը ցինիզմով հարգեն, այլ բոլորը փոխվեն։

Փաշինյանը Հովհաննես Թումանյանի «հույսի հայրենիք, լույսի հայրենիք» բանաստեղծությամբ արձագանքեց Նազարյանի պնդմանը, որ պետք է փոխվել։