Ադրբջանցիները դեռ որքան պետք է շարունակեն մնալ այդ տարածքում, արդյոք ձեզ չի՞ մտահոգում մեր երկրի տնտեսական անվտանգությունը և տեղյա՞կ եք որ դեպի Հայաստան բեռնափոխադրումների 40 տոկոսն իրականանում են այդ ճանապարհով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանը։ Նրա հարցին պատասխանեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Պատգամավորը նշեց նաև, որ մամուլում լուր է տարածվել, որ Իրանի երկու բեռնատար վարորդների ադրբեջանցիները կալանավորել են։ «Դուք մտածե՞լ եք ինչ տնտեսական բլոկադայի առաջ ենք կանգնելու, եթե նույն խնդիրը ունենանք Տավուշի մասով»,–ասաց նա։

Սուրեն Պապիկյանը նշեց՝ այն, որ բարդ խնդրի առաջ ենք կանգնած, փաստ է։ «Բայց այն իրողությունը, որ մենք ունենք, Հ46 ճանապարհը, որի շինարարությունը սկսելուց առաջ ընդդիմությունը շատ քննադատեց մեզ, բայց այդ ճանապարհի կառուցումը մեզ հնարավորություն է ստեղծում, որ մենք կարողանանք փոքր ի շատե իրավիճակը բարելավել»,–ասաց նա։

Նա նշեց, որ Իրանի գործընկերների հետ մեր ԱԳՆ–ն մշտապես կապի մեջ է և փորձում են համատեղ ճանապարհով իրավիճակը կայունացնել և պահել վերահսկողության դաշտում։

Ինչ վերաբերում է Իրանի քաղաքացիների ձերբակալությանը, ապա նա ասաց՝ վստահ չէ, որ տեղի է ունեցել նման բան և կճշտեն: