2015 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենթի ենթարկելու որոշման նախագիծ, Դուք այն որակեցիք անգրագիտություն և դրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը Ձեզ մեղադրեց իշխանություններին ծառայելու մեջ, որակեց «հաճախորդ»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հիշեցրեց  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին։

«Ինչպե՞ս ստացվեց, որ դրանից մի քանի տարի անց համագործակցություն եղավ Նիկոլ Փաշինյանի հետ, ի վերջո՝ ո՞վ էր ճիշտ»,-հարցրեց նա։

Գագիկ Ջհանգիրյանը շեշտեց, որ ինքը ասել է «իրավական անգրագիտություն». «Որովհետև Նիկոլ Փաշինյանը իրավաբան չէր, թե ով էր գրել, տվել այդ որոշումը, դա ուրիշ խնդիր է»,–ասաց նա և հավելեց՝ չգիտի, թե ով է գրել։

Նա նշեց, որ նախորդ գումարման ԱԺ-ն է առաջարկել իրեն ներկայիս պաշտոնին, ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի խմբակցությունների ղեկավարները խոստացել էին ի օգուտ իրեն քվեարկել։

«Այնուհետև չգիտեմ ինչ-ինչ կամ ում արգելքներից, ինչ հաշվարկներից հետո լքել են դահլիճը, բայց մեծամասնության ձայները բավարար էին։ Ես որևէ մեկի հետ չեմ համագործակցում, եթե մեր Սահմանադրությունից տեղյակ եք, գիտեք, որ դատական իշխանությունը անկախ է»,–ասաց նա և նշեց՝ բացառությամբ ԱԺ ներկայանալուց և հարցերին պատասխանելուց, բյուջեն ներկայացնելուց։

«Մնացած որևէ պարագաներում որևէ իշխանության ներկայացուցիչների հետ չեմ համագործակցում, եթե նրանք իմ անձնական ընկերները չեն»,-ասաց նա։

Ագնեսա Խամոյանը նկատեց, որ ամեն դեպքում հարթ չեն եղել հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ, ինչին ի պատասխան՝ Ջհանգիրյանը նշեց, որ շատերի հետ հարթ չի եղել։