ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանդիպեցի Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ Արտյոմ Դմիտրուկի և Դարյա Վոլոդինայի հետ:

Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը և պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում ընդգծեցի հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների կարևորությունը` անհրաժեշտ համարելով միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը, երկկողմ շփումները:

Վստահություն հայտնեցի, որ հայ-ուկրաինական բարեկամական խմբի վերջնական ձևավորումից հետո երկու խորհրդարանների շփումներն ու փոխգործակցությունն առավել կխորանան և կամրապնդվեն:

Անդրադարձ կատարվեց նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացման հեռանկարներին: Այս համատեքստում նշեցի, որ ոլորտում կա չօգտագործված մեծ ներուժ և կարևորեցի հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:

Երկուստեք բարձր գնահատվեց Ուկրաինայում հայերի միության և հայ համայնքի դերակատարությունը:

Համատեղ համագործակցության օրակարգի առաջմղման հարցում կարևորեցինք հստակ գործնական քայլերի իրականացումը»: