Պարոն Ջհանգիրյան, ձեր կեսնագրությունից չի երեւում, որ դուք ձեռնարկատիրական գործունեությամբ եք զբաղվել, որտեղի՞ց ձեզ այն գումարը, որով դուք Երեւանի հայտնի թաղամասում հսկայական առանձնատուն եք կառուցել, որի գինը նվազեցնելու համար դուք այն գոմ անվանեցիք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում դիմելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Ի դեմ, ձեր նշած այդ գոմում հիմա Իրաքի դեսպանատունն է տեղակայված: Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ ձեզնից գոմ են վարձակալել»,-հարցրեց նա:

Ի պատասխան Ջհանգիրյանն ասաց. «Նախ վարձակալել են ոչ թե ինձնից, այլ իմ տզղային, դա իմ տղայի բնակարանն է: Այս ամբիանից, երբ նախորդ գումարման Ազգային ժողովում ընտրվում էի ԲԴԽ անդամ, ձեր բարձրացրած հարցին մանրամասն պատասխանել եմ: Ավելին ասեմ, ԱԺ շենքը գտնվում է իմ նախկին տան դիմաց, Ջրաշատ 49 հասցե: Դա ես 2003 թվականին վաճառել եմ, որը կառուցել եմ 1989 թվականին, երբ եղել եմ Գիտությունների աքզգային ակադեմիայի փիլիսոփայության, իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող: Վաճառել եմ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 21 շենքի իմ 4 սենյականոց բնակարանը: Եղել եմ այդ կոոպեևրատիվի նախագահը, ստացել եմ այդ բնակարանը: Վաճառել եմ թիֆլիսահայ ընտանիքի: Այն ժամանակ վաճառել եմ 270 հազար ռուբլով: Այդ գումարով քանդել ենք այդ նույն հասցեում տեղակայված 1966 թվականին պեմզաբլոկից կառուցած 1 հարկանի շենքը, եւ 1989 թվականին կառուցել ենք այդ 3 հարկանի շենքը՝ կարմիր տուֆով:

Ուզում եմ ասել, որ այդ շենքը 2003-ին վաճառել ենք եւ նաեւ իմ հոր օժանդակությամբ կառուցել ենք այդ շենքը: Գիտե՞ք ինչու գոմ անվանեցի, որովհետեւ իմ հարեւանությամբ ապարանքներ են, ու իմ տունը շատ համեստ տուն է այդ ապարանքների համեմատ: Թող ներեն ինձ Իրաքի դեսպանատան աշխատողները, որ իրենք այդպիսի վատ պայմաններում են բնակվում:

Ավելին ասեմ, իմ տան հարցը քննարկվել է դեռ առաջին նախագահի ժամանակ, երբ ես եղել եմ արդարադատության նախարարությունում վրչության պետ, եւ այդ հարցը փակել են, որովհետեւ տեսել են, որ ես պետական ծառայության անցել եմ երբ այդ տունը ավարտված է եղել»:

Արեգնազ Մանուկյանը ցույց տվեց Ջհանգիրյանի առանձնատան նկարը՝ նշելով, որ դա բոլորովին էլ գոմ չէ, հսկայական առանձնատուն է. «Փաստորեն, պետք է ընդգծել, որ կռուպցիայի դեմ պայքարը լոզունգ դարձրած իշխանությունը ԲԴԽ ղեկավար է դարձրել առերեւույթ կոռուպցիայի մեջ ներգրավված մարդու: Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ձեզ նախորդ իշխանությունների հաճախորդ էր անվանում: Դուք այն ժամանակ կիսո՞ւմ էիք այդ տեսակետը եւ հիմա ինչ կարծիքի եք»,-ասաց նա:

Գագիկ Ջհանգիրյանն էլ պատասխանեց. «Թե ես եւ գործադիր իշխանության ղեկավարն այսօր ինչ հարաբերությունների մեջ ենք, դա իմ ու իր անձնական խնդիրնէ: Ես  չեմ պատրաստվում այդ խոհանոցը ձեր առջեւ բացել, իսկ մնացած գնահատականները քաղաքական են եւ ես էլ զրկված եմ ձեզ համարժեք պատասխանելու իրավունքից, որովհետեւ ես կարող եմ անել միայն այնպիսի գործողություններ եւ կայացնել այնպիսի որոշումներ, որոնց համար լիազորված եմ: Իմ վրա տարածվում է դատավորի էթիկայի վարքագծի կանոնները,. Ուստի ձեռնպահ եմ  մնալու ձեր՝ ինձ համար ոչ հաճելի արտահայտությունները հերքելուց կամ գնահատելուց»: