«Փաստ» օրաթերթը գրում է.

«8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների մեկնարկից առաջ իշխող ՔՊ կուսակցությունը հայտարարեց, որ որոշել է ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, սակայն մինչ օրս որևէ քայլ չի կատարվել: Սպասվում էր, որ այդ հանձնաժողովը ստեղծելու որոշման նախագիծն իշխանությունը կներառեր երեկ սկսված նստաշրջանի օրակարգում, բայց դա ևս տեղի չունեցավ:

Բանն այն է, որ ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ կետով ամրագրված է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտներում քննիչ հանձնաժողովն ստեղծվում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի շրջանակներում: Սույն հանձնաժողովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացրել են բավական սոլիդ, պրոֆեսիոնալ և սկզբունքային անդամներ, որոնք ի պաշտոնե պետք է մասնակցեն քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, իսկ դա, «Փաստի» տեղեկություններով, շատ է անհանգստացնում իշխանություններին:

Այս առումով հատկապես ուշագրավ է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, մասնագիտությամբ իրավաբան Արթուր Ղազինյանի ներկայությունն այդ հանձնաժողովում, որը դեռևս 2020 թ. նոյեմբերի վերջին ՀՀ գլխավոր դատախազին էր ներկայացրել հանցագործության մասին հաղորդում և մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ, իսկ փողոցային բողոքի ակցիաների ժամանակ պահանջում էր ձերբակալել Նիկոլ Փաշինյանին: Նրա թեկնածությունը «Հայաստան» խմբակցությունն առաջադրեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ինչը սվիններով ընդունվեց ՔՊ-ականների կողմից, որոնք երեք անգամ մերժեցին Ղազինյանի թեկնածությունը:

Փաստորեն, ընդդիմադիրների լուրջ ներկայացվածությունը, մասնավորաբար Ղազինյանի ներկայությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում և նրա առաջադրումն ու, ի վերջո, անխուսափելի ընտրությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ստիպեց իշխանությանը վերանայել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու իրենց որոշումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: