«Դվին» ՓԲԸ-ի տարածքում երկու հարկ կա ապօրինի կառուցված: Տուգանվե՞լ են արդյոք ապօրինի շինարարության համար, եւ ի՞նչ ենք նախատեսում անել ապօրինի երկու հարկի հետ»: Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարց ուղղեց քաղաքապետ Հայկ Մարությանին:

Ի պատասխան՝ Հայկ Մարությանը նշեց, որ բացի Անի Խաչատրյանի նշած երկհարկանի ապօրինի շինությունը, եւս մեկ ապօրինի շինություն էլ կա հենց «Դվին» հյուրանոցի վրա: «Ասեմ ավելին՝ բացի այդ ապօրինի կառուցված երկու հարկից, հենց համալիրի վրա տարօրինակ երկու հարկանի մի կառույց էլ է ավելացել»,- ասաց քաղաքապետն ու ընդգծելով Անի Խաչատրյանի նշածը՝ ասաց՝ «Դվին» հյուրանոցի հետեւում գտնվող շենքի վրա են հարկեր ավելացվել:

«Շենքի հետ կապված արձանագրությունն արվել է, եւ մեր մասնագետները կասեն, թե ինչ ճանապարհով ենք գնում։ Երկրորդը՝ հենց «Դվին» հյուրանոցի վրա կա տարօրինակ կառույց՝ երկհարկանի ապակեպատ, եւ դա եւս ապօրինի է: Այս դեպքում էլ նշված երկու տարբերակներն են գործելու՝ կա՛մ քանդվի այդ ապօրինի երկհարկանի կառույցը, կա՛մ ամբողջ համալիրն օրինականացվի, և մեծ գումարներ վճարվեն քաղաքային բյուջե»,- ասաց քաղաքապետը: