2021 թվականի արտահերթ ընտրություններին «Ապագա կա ապագա» կարգախոսով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ընդամենը մի քանի տարի առաջ մերժում էր խոշոր գործարարների ներկայությունը իշխանության կազմում, սեփական թիմ բերեց միանգամից երկու խոշոր գործարարի։ Խոսքը՝ Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի մասին է։

Նիկոլ Փաշինյանի համար բնավ հետաքրքիր չէր, որ Արսենյան Գուրգենը նախկիններից է, բայց արդյո՞ք նույնչափ  հետաքրքիր չէ այն հանգամանքը, որ սեփական թիմակցի որդին մեղմ ասած չի հավատում իր հայտարարությանը, թե Հայաստանում և Արցախում ապագա կա։ Ամեն դեպքում Գուրգեն Արսենյանի որդին՝ Բաբկեն  Արսենյանը չի հավատում Փաշինյանի խոստմանը և հանգրվանել է հեռավոր ԱՄՆ-ում։ Իր ապագան պատգամավոր Արսենյանի որդին Հայաստանում չի տեսնում, ինչի մասին հպարտորեն խոսել է նաև հայրը՝ Գուրգեն Արսենյանը։

«Որոշեց իր կենսագործունեությունը շարունակել Միացյալ Նահանգներում, եւ կարծում եմ, որ հաջողությամբ է ընթանում իր՝ ԱՄՆ-ում տեղայնացվելու գործը: Իր կյանքի մոտակա հատվածը, գործունեությունն առայժմ կապում է ԱՄՆ-ում իրականացվող պրոցեսների հետ»,- «Հետքի» լրագրողին հայտնել է Գուրգեն Արսենյանը:

Իսկ ու՞ր մնաց Հայաստանի ապագան։ Ըստ երևույթին լինելով իշխանական թիմում Գուրգեն Արսենյանը ավելի լավ գիտի, որ այս իշխանությունն, այս կազմով պարզապես ունակ չէ Հայաստանում և Արցախում ապագա կառուցել և որդուն հնարավորինս հեռու է ուղարկել։ Հայաստանում Արսենյանը որդու համար հեռանկար չի տեսնում, իսկ ինչպես «յուրաքանչյուր իրեն «հարգող» հարուստ պապա պետք է մտածի նախ և առաջ ոչ թե հայրենիքի, այլ հենց որդու ապագայի մասին։

Իսկ, որ Արսենյան Գուրգենը «աղքատ» պատգամավորների շարքում չի դասվում, պարզ է դառնում նրա ներկայացրած հայտարարագրից։

Ըստ հայտարարագրի՝ Գուրգեն Արսենյանը մեծ կարողություն ունի: Մասնավորապես՝ հայտարարագրել է 18 միավոր անշարժ գույք՝ շենք-շինություններ, հողատարածքներ: Շենքեր ունի Երևան, Գյումրի, Դիլիջան քաղաքներում, հողատարածքներ՝ Երևանում, Գյումրիում, Դիլիջանում, Արմավիրի մարզում:

Բացի այդ, պատգամավորը հայտարարագրել է 4 ավտոմեքենա՝ 2014-2019թթ. արտադրության: Ամենավերջին ավտոմեքենան 2019թ. արտադրության Bentley Bentayga 4.0T մակնիշի է:

Գուրգեն Արսենյանն ունի նաև թանկարժեք նկարների հավաքածու և ժամացույցներ: 19 նկար ունի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 532 մլն 900 հազար դրամ: Արսենյանի ամենաէժան նկարի արժեքը 10 մլն դրամ է եղել:

Հայտարարագրել է նաև թանկարժեք երկու ժամացույց, ոսկյա ձուլակտոր: Ժամացույցների ընդհանուր արժեքը կազմում է 133 մլն 300 հազ. դրամ, ձուլակտորինը՝ մոտ 32 մլն դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում Գ. Արսենյանի եկամուտը կազմել է 5 մլն 790 հազար դրամ, որը գոյացել է «Յունիքորն Գրուպ» ՍՊԸ-ից ստացած շահաբաժնից և վարձավճարից, ինչպես նաև 2 մլն 343 հազար դոլար, որի աղբյուրը «Արդշինբանկ» ՓԲԸ-ում ունեցած արժեթղթերն են ու նույն բանկից ստացած տոկոսները:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա պատգամավորը դարձյալ խոշոր գումար է հայտարարագրել՝ 26 մլն 520 հազ. դրամ, 11 մլն 702 հազ. 131 դոլար և 140 հազ. 200 եվրո:

Գուրգեն Արսենյանը 8 ընկերությունում բաժնետեր ու փայատեր է: Ընկերություններից 6-ում բաժնեմասն ու փայը կազմում են 100%, իսկ 2-ում՝ 13% և 51 %: Պատգամավորության թեկնածուն բաժնեմասեր ունի «Արսօյլ», «Յունիքորն Ֆլորա», «Յունիքորն Փրինթ», «Յունիքորն Քոնսթրաքշն», «Յունիքորն Գրուպ» ՓԲԸ-ներում, «Յունիքորն Սերվիս», «Վկերդիտ 24» և «Էլդորադո Արմեն» ՍՊԸ-ներում:

Irakanum.am