ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերի, այդ թվում՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի ահազանգի հիմա վրա, արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Երևանի քաղաքապետարանից բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:

«Ֆիզգորոդոկում» կառուցվող բազմաբնակարան շենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆիզգորոդոկ կոչվող գիտավանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով կասեցնել շինարարությունը իրենց թաղամասում: Թաղամասի բնակիչները շինարարությունը համարում են ապօրինի։ Նրանք մի քանի անգամ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել շինարարության դեմ, որի արդյունքում օրեր անց հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչև կավարտվի գործի քննությունը, սակայն շինարարությունը չի դադարել:

Բացի այդ, 20-օրյա հացադուլից հետո Ֆիզգոռոդոկի բնակիչ Հայկ Հարությունյանը երեկվա ապօրինություններից հետո հայտարարել է նաև ջրադուլ: