«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարեց հոկտեմբերի  17-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության մասին: Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին կուսակցության նախագահ, համահիմնադիր Մանե Թանդիլյանը տեղեկացրեց, որ ընտրությունների մասնակցության հայտ են ներկայացրել հինգ համայնքում՝ Սյունիքի մարզի Տեղ, Տաթև, Մեղրի, Դիլիջանի խոշորացված համայնքում և Գյումրիում։ Ընդհանուր բոլոր համայնքների ավագանիների կազմում ընդգրկված են 107 թեկնածու։

«Միայն ուժեղ համայնքն է կարողանալու ապահովել կայուն ու զարգացող պետության հեռանկար: Այս տեսլականով է մեր կուսակցությունը մասնակցում ՏԻՄ ընտրություններին՝ պատրաստ տեղերում ստանձնելու կառավարման պատասխանատվությունը: Ըստ էության՝ մենք հապաղելու ժամանակ չունենք, և կորցրած ամեն օրը երկրի համար դառնում է ճակատագրական»,-ասաց Մանե Թանդիլյանը:

Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ վերջին ամիսների մարզային այցելությունները ցույց են տվել, որ գրեթե բոլոր համայնքներում բացակայում է ապրելու միջավայրը. առկա են անհատական-ընտանեկան կենցաղի կազմակերպումից մինչև ենթակառուցվածքային հարցեր՝ առողջապահական, կրթական, այլ ծառայություններից օգտվելու խնդիրներ: «Այդ այցելությունները մեզ հանգեցրին այն մտքին, որ չնայած համայքները տարբեր են,  բայց ունեն նմանատիպ խնդիրներ՝ լուծման համանման եղանակներով: Մենք կարևորում ենք ոչ միայն տարբեր համայնքներում թիմային մասնակցությունը, այլև համագործակցաբար այդ խնդիրների լուծումը»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը:

Վերջինս նշեց նաև, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը կարևորում է այնպիսի մեխանիզմների մշակումը, որով համայնքներն ի զորու կլինեն բարձրացնել իրենց ֆինանսական ինքնուրույնությունն ու ներգրավել համայնքի զարգացմանն ուղղված ներդրումներ: Այդ համատեքստում կարևոր են համարում մասնավոր-համայնք գործակցությունը, որպեսզի ներդրումները բացի Երևանից ու հարակից համայնքներից հոսեն նաև հեռավոր շրջաններ:

Ինչ վերաբերում է սահմանամերձ համայնքների անվտանգությանն ու բնակիչների պաշտպանությունը, ապա կուսակցությունն այստեղ ևս լուծման տարբերակներ է առաջարկում: «Պատրաստ ենք լինելու այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք վստահություն կտան տվյալ բնակավայրի բնակիչներին համայնքի հնարավորության սահմաններում պաշտպանվածության աստիճան ունենալ: Մենք հասկանում ենք, որ անվտանգության ապահովման հարցը պետական կառավարման հարց է, բայց մինևնույն ժամանակ տեղում կազմակերպական բազմաթիվ հարցեր կան, որոնք համայնքը կարող է ստանձնել ու պետք է ստանձնի»,-նշեց Մանե Թանդիլյանը:

Առաքելյանը հավելեց, որ մտածում են նաև որոշ հատվածներում անվտանգության նկատառումներից ելնելով խոցելի դարձած գյուղատնտեսական աշխատանքների փոխարինման հարցը: «Պետք է ստեղծվեն նոր հնարավորություններ, որ սահմանամերձ համայնքների բնակիչները սեփական կայուն եկամուտ վաստակելու առումով հնարավորինս արագ փոխարինող զբաղվածություն գտնեն»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը:

«Ապրելու երկիր» կուցակցության ղեկավարները հորդորեցին քաղաքացիներին մաս կազմել սեփական համայնքներում կառավարման մարմնի ձևավորման ընտրություններին և իրենց քվեով մասնակցություն ունենալ որոշումների կայացմանը: «Մեր քարոզարշավի մեջ նաև անտարբերության դեմ պայքարելու խնդիր ենք դրել: Մենք  որևէ րոպե հուսահատվելու հնարավորություն չունենք, պետք է շատ արագ սթափվենք, ոտքի կանգնենք ու դա անենք ընտրությունների միջոցով: Ցույց տանք, որ մենք մեզ չենք զրկում զարգանալու և հզորանալու հնարավորությունից: Իսկ պետությունն ու համայնքը կարող են զարգանալ ու հզորանալ բացառապես քաղաքացիների մասնակցությամբ, նրանց ձայնով»-շեշտեց Մանե Թանդիլյանը:

Մեսրոպ Առաքելյանի դիտարկմամբ էլ՝ համայնքներում կան նվիրյալ ու կարող անձիք, ովքեր ունեն լիակատար կարողություններ իրենց բնակավայրերում փոփոխություններ բերելու, ում համախմբելու պարտավորությունն էլ իրենք ստանձնել են:

Իսկ կանանց մասնակցությունն ընտրական գործընթացներին համարում են ոչ միայն քվոտա, այլև երկարաժամկետ կայուն զարգացման ու անվտանգության ապահովման հեռանկար:

Ստորև՝ «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակները գլխավորող թեկնածուները

Գյումրու համամասնական ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը, ով սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավարն է:

Դիլիջանի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արմինե Հովհաննիսյանը, ով Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրենն է:

Մեղրիի ընտրություններում կուսակցությունը մասնակցում է Արմեն Հայրապետյանի գլխավորած ցուցակով, ով ՎՏԲ-Հայաստան Մեղրի մասնաճյուղի բանկի հաճախորդների սպասարկման ղեկավարն է:

Տաթևի ընտրությունների ցուցակը գլխավորում է Մարատ Գերասիմյանը, ով համայնքային աշխատանքի մեծ ու կարևոր փորձ ունի:

Տեղի ընտրություններում համամասնական ցուցակը ղեկավարում է Արգամ Հովսեփյանը, ով ներկայում Արավուս սահմամերձ բնակավայրի վարչական շրջանի ղեկավարն է: