ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հատված կառավարության ծրագրից կամ, ինչպես ինքն է նշել, «աղետագրից».

«Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ապահովելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը:

Կարևորելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային դերակատարությունը` Կառավարությունը ձգտելու է ավանդական բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ է՛լ ավելի զարգացնել։ Համագործակցության շրջանակներում ակտիվ քայլեր են իրականացվելու տնտեսական բաղադրիչի մեծացման ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ բազմակողմ համագործակցության շրջանակներում:

Այս առումով կարևորվում են համատեղ ջանքերը լոգիստիկ, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային փոխկապակցվածության, էներգետիկ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար»:

Այս մեջբերումից հետո Դերզյանը նշել է.

«Հիշեցնեմ, որ այս օրերին Ադրբեջանի ոստիկանական ուժերը գումար են գանձում իրանական բեռնատարների վարորդներից՝ ստանալով անհրաժեշտ տեղեկատվություն, փաստացի խնդիր առաջացնելով լոգիստիկայի տեսանկյունից, ինչպես նաև նպաստելով ապրանքի ինքնարժեքի բարձրացման հարցում:

Բարոյական կողմը անգամ, որը վերաբերում է մեր սուվերենությանը չեմ էլ քննարկում: Այսօր իշխանության ներկայացուցիչները ճանապարհի այդ հատվածը որակեցին որպես Սովետական Ադրբեջանի մաս, ըստ այդմ լեգիտիմացնելով թշնամու գործողությունները և ամրագրելով այն որպես անշրջելի իրողություն»: