Վարչապետի աշխատակազմն առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող)՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը։ Նման փոփոխություն նախատեսվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում անելու համապատասխան նախագծով:

Նախագծով առաջարկվում է նաեւ անձնական բժիշկ նախատեսել ԱԺ նախագահի համար: Օրենքի նախագծի հիմնավորումների բաժնում նշված է, որ օրենքի ներկա կարգավորումներով նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար:

«Առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների (ամուսին, զավակ, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով) և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա: Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայումս հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: