Հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրու ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 7 կուսկացություն, երեք դաշինք։   «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության քաղաքապետի թեկնածուն  Վարդգես Սամսոնյանն է։ «Գյումրին կռնա» նորաստեղծ դաշինքի ավագանու ցուցակը գլխավորում է  Վարդան Սրտաշյանը։ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն էլ որպես քաղաքապետի թեկնածու առաջադրել է Վարդեւան Հակոբյանին։ Կոմունիստական կուսակցության ցուցակի առաջին համարը Կոնստանտին Ղավազյանն է։ «Արժանապատիվ ուղի» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորում է նախկին պատգամավոր  Հովհաննես Մարգարյանը։  «Հայրաքաղաք» դաշինքը՝ Լեւոն Բարսեղյանը,  Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն  Արտյոմ Ղուկասյանն է,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Շիրակի գործող մարզպետ   Հովհաննես Հարությունյանն է, իսկ «Թասիբով» դաշինքի ցուցակը գլխավորում է  Կարապետ Պողոսյանը,  Ապրելու երկիր» կուսակցությանն էլ  Կարեն Մալխասյանը։

Տասը քաղաքական ուժերցից ՔՊ-ն հրապարակել է Գյումրու ավագանու թեկնածուների կազմը։ 41 հոգուց  է այն բաղկացած։ Գործող իշխանությունը, որը ընդդիմադիր գործունեության ընթացքում նախկին իշխանության ներկայացուցիչներին մեղադրում էր խնամի- ծանոթ- բարեկամ սկզբունքով գործելու մեջ, ինչպես կենտրոնական իշխանությունը ձևավորելիս, այնպես էլ քաղաքային իշխանության կազմում ներգրավել է թիմակիցների ծանոթ- բարեկամներին։

Այսպես օրինակ, ՔՊ ավագանու ցուցակի երկրորդ համարը՝ Արման Բաղդասարյանը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրն է։ Միայն եղբորը չէ, որ Բաղդասարյանը ներառել է ՔՊ ավագանու ցուցակում։  Ավագանու ցուցակի 6-րդ համարն էլ Նազելի Բաղդասարյանի ընտանիքին պատկանող «Ցայգ» ՀԸ աշխատակից Քնարիկ Հարությունյանն է։ Հեռուստաընկերության մեկ այլ աշխատակից Լիլիթ Մուրադյանն էլ ցուցակի 12-րդ հորիզոնականում է։

ՔՊ-ական նախկին պատգամավոր, վերջերս ԱԻ փոխնախարար նշանակված Կարեն Սարուխանյանի մտերիմներից Անժելա Մաթոյանն էլ ավագանու ցուցակի 18-րդ համարն է։  Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի զարմիկն էլ է ներառվել ՔՊ ավագանու ցուցակում։ Խոսքը՝ Աղասի Մաթևոսյանի մասին է, որը 13-րդ հորիզոնականում է։

Ցուցակում է նաև Գյումրու «Ինֆեկցիոն» հիվանդանոցի տնօրեն Ասղտիկ Բեյբությանը։ Նա ցուցակի առաջին կինն է։

Բացի վերոնշալ անձանցից, ովքեր սերտ առնչություն ունեն ՔՊ-ում առանցքային պաշտոններ զբաղեցնողների հետ, ցուցակի այս կամ այն հորիզոնականում հայտնվածները ևս պատահական մարդիկ չեն։ Առաջիկայում կանդրադառնանք առավել մանրամասն։

Irakanum.am