Թուրքմենստանի Բալկանյան շրջանում իշխանությունները որոշ քաղաքացիների հարկադրաբար ուղարկում են բամբակ հավաքելու, հայտնում է «Ռադիո Ազալտիկը»:

Աղբյուրի համաձայն, ոստիկանության աշխատակիցները բաժանմունք են կանչում աշխատանք փնտրողներին, ինչպես նաեւ հաշվառման մեջ գտնվող ալկոհոլային կախվածությունից տառապող մարդկանց եւ ստիպում նրանց գնալ դաշտեր: Բացի այդ, մարմնավաճառները նույնպես ներգրավված են այս հարկադիր հավաքման գործում:

«Ոստիկանությունը դա որակում է որպես «ուղղիչ աշխատանք» եւ ասում է, որ դա պատժի մի մասն է»,- հրատարակությանը հայտնել է իրազեկ աղբյուրը: Նշվում է, որ Բալկանյան շրջանը, պետական ծրագրի շրջանակներում ավելի քիչ բամբակ է հանձնում, քան մյուս շրջանները:

Օգոստոսի 18-ին հաղորդվել է, որ պետական աշխատողներին ու զինվորականներին հարկադրաբար ուղարկում են բամբակի դաշտեր: Հետագայում նրանց են միացել ուսուցիչներն ու բարձր դասարանների աշակերտները, ինչպես նաեւ ալիմենտի պարտք ունեցողները:

Թուրքմենստանում հարկադիր աշխատանքի կիրառումը քննադատության է ենթարկվել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Ըստ Responsible Sourcing Network կազմակերպության կայքէջի, այսինքն՝ «Բարեխիղճ մատակարարների ցանցի», մինչեւ 2021 թվականի օգոստոսի 10-ը 138 համաշխարհային ապրանքանիշներ միացել են միջազգային արշավին՝ ապրանքների արտադրության մեջ թուրքմենական բամբակը չօգտագործելու պարտավորություն ստորագրելով: