Վրաստանի հինգ խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումում, Ռուսթավիում, Քութայիսում եւ Զուգդիդում երկրուշաբթի՝ սեպտեմբերի 13-ին աշխատանքն է վերսկսել հանրային տրանսպորտը։

Այսպիսի որոշում էր կայացրել Միջգերատեսչական համակարգող խորհուրդը սեպտեմբերի 7-ին։

Քաղաքային տրանսպորտի աշխատանքը մեծ քաղաքներում դադարեցվել էր օգոստոսի 14-ին համաճարակային իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով։ Սկզբում քաղաքային տրանսպորտի աշխատանքի վերսկսումը նախատեսվում էր սեպտեմբերի 4-ից, բայց հաշվի առնելով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը՝ սահմանափակման չեղարկունը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 13-ը։

Ինչպես ասել են Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում, ուղեւորների դիմակների առկայությունը, ինչպես նաեւ հեռավորության պահպանումը խստորեն կվերահսկվի։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն խոստացել է, որ մետրոյի գնացքների շարժի միջեւ միջակայքը կկրճատվի, ինչպես նաեւ ակտիվորեն կիրականացվի վագոնների, ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ախտահանում։