Արդյո՞ք պատվաստանյութերը բավարար հետազոտված են և համապատասխանում են բոլոր դեղամիջոցներին ներկայացվող որակի պահանջներին: Հաճախ բարձրացվող այս հարցին ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այո, պատվաստանյութերը մոտ երկու դար օգտագործվում են մարդկության կողմից և օգնել են հաղթահարել տասնյակ հիվանդություններ։ Ինչքան ինձ հայտնի է՝ այս երկու դարերի ընթացքում մարդկության թիվը ոչ թե նվազել է, այլ՝ շեշտակի ավելացել նաև պատվաստանյութերի շնորհիվ։

Քովիդի դեմ պատվաստանյութերը, որոնք մասնագիտական կառույցների կողմից հավանության են արժանացել, անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները՝ նախակլինիկական և կլինիկական փորձարկումների բոլոր փուլերը, և դա փաստված է դեղեր գրանցող պետական մարմինների կողմից։

Ուստի, եթե դուք, որևէ դեղ եք ընդունում, այն որակի ստուգման նույն փուլերն է անցել ինչ պատվաստանյութը, և եթե չեք վստահում մեկին, պետք է հրաժարվեք ընդհանրապես բոլոր դեղերից»։