«Խորհրդարանական ընդդիմության օգտին քվեարկած քաղաքացիների մի մասը սկսել են մեզ կոշտ քննադատել։ Նրանք ունեն այդ իրավունքը։ Ավելին՝ այդ իրավունքը հենց նրանք ունեն»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Ընդդիմության օգտին քվեարկած մեր հայրենակիցները մեզ ձայն տալով փոխում էին իշխանությունը: Նրանք վռնդում էին գործողներին և դրանց կողմից հափշտակված պետության կառավարումը  մեզ էին փոխանցում: Այսինքն այդ մարդիկ իրենց քվեով մեզ նշանակել են ոչ թե ընդդիմություն, այլ՝ իշխանություն: Մենք գիտենք, թե ինչ պետք անել իշխանություն լինելու դեպքում, և մեր ընտրողների հետ հենց դա ենք համաձայնեցրել, որ մեզ ընտրելով մենք անելու ենք այսպիսի քայլեր և հասնելու ենք այս արդյունքներին: Սակայն իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ մենք դարձանք խորհրդարանական ընդդիմություն»,-գրել է նա և հավելել, որ իրենց ընտրողները չեն ձևակերպել սպասելիքները իրենցից՝ որպես ընդդիմություն:

«Այժմ այդ քննարկումները կատարվում են պոստ ֆակտում և ձևավորված չէ, թե ինչ ընդհանուր միասնական պահանջ ունեն նրանք մեզանից։ Եվ հիմա, կարծում եմ, կարիք կա որևէ եղանակով մեր ընտրողների հետ այդ հարցը հստակեցնելու: Կարիք կա հարցնելու մեր ընտրողներին, թե ինչ հանձնարարություն ունեն մեզ տալու արդեն որպես խորհրդարանական ընդդիմություն»,- գրել է նա: