Առավել քան ակնհայտ է, որ այն, ինչ անցած տարի փորձեցին անել Բելառուսում, գրեթե նույնն էր, ինչ արվեց մեզ մոտ 2018-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմիոն Արսեն Ջուլֆալակյանը:

«Խորապես ուսումնասիրվեցին երկրում եղած իրական խնդիրները և իբր բարի նպատակներով՝ ժողովրդավարության քողի տակ, փորձ արվեց վերացնել այդ երկրի ինքնիշխանությունը ևս, ինչու չէ, նաև պետականությունը:

Հատկապես ուշադրություն դարձրեք, թե ում ումով էին պատրաստվում փոխարինել. հսկայական քաղաքական/պետական փորձ ունեցող գործչին տնային տնտեսուհիով (երկուսի հանդեպ էլ անձնական որևէ վերաբերմունք չունեմ, զուտ արձանագրում եմ փաստերը):

Հարց. և՛ Հայաստանի, և՛ Բելառուսի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն էր/է: Ինչպե՞ս պատահեց, որ մեր դեպքում պրոցեսները լրիվ այլ սցենարով գնացին, իսկ Բելառուսը ամեն գնով պահեց այն, ինչ ուներ՝ ստանալով բացարձակ աջակցություն ռազմավարական դաշնակցից: Կարո՞ղ է մի օր պարզվի, որ հայկական կողմը ռազմավարական դաշնակցի հանդեպ էժանագին «շուստռիությամբ» էր զբաղված՝ չկայացած լրագրողի մակարդակով…

Իսկ հիմա էլ, ինչպես հաճախ է պատահում, մեղավոր են բոլորը, բացի մեզանից:

Մտածենք:

Մեծ քաղաքականության մեջ նման արկածախնդրությունները կործանարար են լինում պետությունների համար: Սեփական ուժերը ճիշտ չգնահատելը լրջագույն սխալ է:

Մնում է վերջնական ապացուցել փաստերով, միտումնավո՞ր էր այդ ամենը, թե՞ ապիկարություն: Անկախ դրանից՝ պատասխանատվություն պետք է լինի պարտադիր:

Հ.Գ. Ի դեպ, ամեն ինչ իր գինն ունի: Երեկ Լուկաշենկոն ու Պուտինը համաձայնեցրին Միութենական պետության բոլոր 28 ծրագրերը…»,- գրել է Ջուլֆալակյանը: