Հաջորդ շաբաթ մեկնարկելու է 8-րդ գումարման Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանը։ Մինչ այդ էլ նոր խորհրդարանը նոր կազմով հասցրեց մի քանի նիստեր գումարել, որտեղ հանրությունը բացի բովանդակային քննարկումներից ամեն ինչի ականատեսը դարձավ։ Իհարկե որոշ բացառություններով։ Եղան պատգամավորներ, ովքեր երկրի թիվ մեկ քաղաքական մարմինն օգտագործեցին բացառապես պետակամանետ ելույթների համար, որոնց համար գերական պետական ու հանրային շահն է։ Ի վերջո արմատական ընդդիմության դիրքերից հանդես գալու համար բնավ պարտադիր չէ օգտագործել հերթապահ դարձած, ինչ-որ տեղ ականջահաճո արտահայտություններ՝ արդյունքում ստվերելով բովանդակությունը։

Նոր խորհրդարանում իրապես պետության և որ այս պահի դրությամբ խիստ կարևոր հարցերի՝ անվտանգության մասին հայտարարություններ  անողներ եղան։ Խոսքն օրինակ պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի ու էլի որոշ օրենսդիրների մասին է։ Ու բնավ էլ պատահական չէ, որ իշխանությունը թիրախավորում է հենց բովանդակային, սուր ու փաստարկված ելույթներ ունեցողներին։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանի իշխանության խնդիրն իրեն ենթարկվող ընդդիմություն ունենալն էր, ինչը, սակայն «Հայաստան» դաշինքի ու առավելապես վերը նշված անձանց առկայության պարագայում հնարավոր չէ։ Իշխանությանը ձեռնտու է սեփական թիմում ծվարած օլիագարխների հետ խիստ մտերիմ հարաբերություններ ունեցող, բայց «ընդդիմադիր» դիրքերից հանդես եկող պատգամավորներ ունենալ, որոնք մերթընդմերթ ԱԺ ամբիոնից Փաշինյանին «կապիտուլյանտ» կանվանեն, բայց դա միայն նիստերի դահլիճում ու ուղիղ եթերի ժամանակ։ Պատկերն այլ է՝ խորհրդարանի միջանցքում, որտեղ օրինակ Աղվան Վարդանյանը հպարտորեն կարող է սեղմել Փաշինյանի «սրտի» օլիգարխ Սուքիասյան Խաչատուրի ձեռքը, իսկ ԱԺ պատերից դուրս գինի խմել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Գուցե հենց այս հանգամանքով է պայմամավորված, որ իշխանությունը նույնչափ հետաքրքրություն չի դրսևորում օրինակ Աղվան Վարդանյանի ունեցվածքի ծագումնաբանության նկատմամբ։ Սակայն, ինչպես ժամանակին ասել էր նախկին ոստիկանապետերից Վովա Գասպարյանը «սա փոքր երկիր է», որտեղ անգամ հրապարակում քայլող յուրաքանչյուր ոք գիտի, թե ով ինչ մասշտաբի ունեցվածք ունի։ Այս մասին ևս խոսելու առիթներ կունենանք։

Իհարկե Աղվան Վարդանյանը միակ ընդդիմադիրը չէ, որ իշխանության «հագով» է։ Շարքը բավականին ընդգրկուն է, որոնց անդրադառնալու առիթներ դեռ կունենանք։

Վերադառնալով իրապես բովանդակային, հանրությանը հուզող հարցեր բարձրացնող պատգամավորներին, ապա նրանց պարագայում իշխանությունը ունի օդից վերցված պատասխան։ Թե տեսեք նրանք նախկին են, իսկ որպեսզի իրենց ընտրած հատվածի համար հնչող հայտարարություններն առավել ընկալելի լինեն, նախկինի կողքին ավելացնում են «թալանչի» բառը։ Մինչդեռ հանրության սթափ հատվածին, որը բարեբախտաբար ավելի մեծ թիվ է կազմում վաղուց այլևս նման ամպագորգոռ հայտարարություններով ու դատարկ մեղադրանքներով չեն կարող ստել։

Անգամ հարուցված շինծու քրեական գործերը, որոնք մեծ փուչիկի նման փչվել են, վաղ թե ուշ պայթելու են։ Իշխանությունն այս հանգամանքը շատ լավ գիտի, և վախենում է հենց դրանից։