Գերեվարված զինծառայողները պատրաստվում են մոտ ժամանակներս Գյումրիում հանդիպել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեց գերեվարված զինծառայողներից մեկի հարազատը։ Հանդիպման օրը, սակայն, դեռ պարզ չէ։

Հարազատները պատրաստվում են ներկայացնել գերիների վերադարձի հետ կապված խնդիրները, ներկա իրավիճակը ու խնդրելու, որպեսզի խորհրդարանական բոլոր լծակներն օգտագործվեն՝ գերիներին արագ հետ վերադարձնելու համար։

Գերեվարված զինծառայողների հարազատները շարունակում են հանդիպումներ ունենալ մարզային ԱԱԾ տնօրենի և պաշտոնյաների հետ, փորձում առաջնային հարցերը նրանց հետ լուծել, կազմակերպում հանդիպումները։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է առաջիկայում ավելի բարձր մակարդակի հանդիպում պահանջեն, նշեց, որ հնարավոր է, կհետևեն հետագա զարգացումներին։

Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձան երկու զինծառայողներ, որոնց գերեվարման փաստը հաստատված չէր։ Փոխարենը, ադրբեջանական կողմին է փոխանցվել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը, որն օգոստոսի 25–ին հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։

Գերեվարված զինծառայողի հարազատը կարծում է, որ այդ կերպ հաստատվում են կասկածները, որ Ադրբեջանում կան մի շարք գերեվարված անձինք, որոնց անունները հաստատված ցուցակներում չկան։

«Կարծում եմ, որ դա առաջին դրական քայլն էր։ Ադրբեջանը առաջին անգամ չհաստատված գերիներին փոխանցեց Հայաստանին և լիահույս եմ, որ հետագայում մեր ԱԱԾ-ն, ԱԳՆ-ն և մնացած կառույցների աշխատանքի շնորհիվ կլինեն այդպիսի վերադարձներ։ Ադրբեջանը կվերադարձնի նաև մյուս գերիներին, որոնց չի հաստատել։ Դա հիմք է տալիս մտածելու, որ էլի չհաստատված գերիներ կան, որ Ադրբեջանում են, ողջ ու առողջ են»։