Իրանի միջուկային ծրագիրը սպառազինությունների մրցավազքի նոր փուլի կհանգեցնի, Իսրայելը թույլ չի տա Թեհրանին միջուկային տերություն դառնալ, հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք խոսեցինք իրանական միջուկային ծրագրի եւ վտանգի մասին, որն այն ներկայացնում է ամբողջ աշխարհի համար… Միջուկային ծրագիրն արագ զարգանում է՝ առանց համապատասխան վերահսկողության: Կառավարիչների խորհրդի (ՄԱԳԱՏԷ) որոշում է պահանջվում»,- ասել է Լապիդը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո:

«Սա խնդիր է ամբողջ աշխարհի համար. միջուկային Իրանը միջուկային մրցավազքի նոր փուլի կհանգեցնի՝ սպառազինությունների մրցավազքի Մերձավոր Արեւելքում: Վերջին բանը, որը մեզանից որեւէ մեկը կցանկանար տեսնել, դա միջուկային զենքի՝ սխալ ձեռքերն ընկնելն է: Աշխարհը պետք է թույլ չտա, որպեսզի Իրանը զարգացնի իր միջուկային ներուժը: Եթե ​​աշխարհը չկարողանա դա անել, Իսրայելը իրեն իրավունք է վերապահում գործել: Իսրայելը թույլ չի տա, որպեսզի Իրանը միջուկային տերություն դառնա»,- հավելել է նա:

Ավելի վաղ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները հայտարարել էին, որ անհանգստացած են ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով այն մասին, որ Իրանը մինչեւ 20 տոկոս հարստացված մետաղ է արտադրել եւ զգալիորեն ընդլայնել է հարստացված ուրանի արտադրման իր կարողությունը մինչեւ 60 տոկոս: Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, որ Իրանի գործողությունները հերթական շեղումն են ՀՀԳԾ-ից, սակայն դրանք մեծապես պայմանավորված են գործարքի վերականգնման առաջընթացի բացակայությամբ: