ArmLur.am-ը մի քանի թեմաների շուրջ զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ:

-Տիկի՛ն Պետրոսյան, երեկ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, ինչն էլ զայրացրել է հատկապես զոհված զինծառայողների հարազատներին: Ձեր տեսակետը ո՞րն է այս հարցի վերաբերյալ:

-Մեր հայրենիքի Անխակության օրերը միշտ պետք է նշվեն: Բայց նախ մեր անխակությունը պետք է նշվեր և՛ 2019, և՛ 2020 թ.թ. սեպտեմբերի 21-ին։ Թեև բանակը կազմաքանդելու գործընթացը սկսված էր, բայց դեռ հիմքերին չէին հասել, դեռ դավաճանության փորձություն չէինք անցել, մենք դեռ ունեինք պետություն, կապիտուլիացիայի ավարտով պատերազմ չունեինք, այսքան զոհ չունեինք ու պարադոքս է, այդ տարիներին անկախության օրը միևնույնն է պատշաճ չէր նշվում, տոնական Երևան, ուրախություն, հրավառություն չկար…
Իսկ 2021-ի սեպտեմբերի 21-ի տոնակատարությունն ուղղակի ցինիկության գագաթնակետն է, որովհետև կապիտուլյացիայից, այսքան զոհերից, անհետ կորածներից, գերևարվածներից ու մի ամբողջ խեղված սերնդից հետո, անկախության գունագեղ տոնակատարություն նշելը ուղղակի անմարդկային է, հակահայի ստորին քայլ և նման ձևով կարող էր վարվել միայն անհայրենիք, անծագում արարածը։ «Բարեկիրթ» թշնամու «հաղթանակը» տոնողներն են սրանք …

-Տիկի՛ն Պետրոսյան, բացի այս արդեն մի քանի օր է ինչ մամուլում լայնորեն տարածվում եւ քննարկվում է, որ նկարահանվում է ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակ, որտեղից բացակայելու են Արցախին առնչվող պատկերները։ Այս մասին Դուք ի՞նչ կարծիք ունեք:

-Այս հարցը պետք է ուղղել յուրաքանչյուր նորմալ հայի, պարզապես ինձ հետաքրքիր է, թե ինչ պատասխան կտան: Ինձ ավելի շատ մտահոգում է այն, թե այս համատարած անտարբերության մեջ որտե՞ղ կարելի է գտնել իսկական, մեր հողին կպած ազնիվ հայորդիների, որ գիտակցում են պահի դրամատիզմը, ողբերգությունը։ Ինչ վերաբերում է խնդրին, սա խայտառակ նախագիծ է, և հուսամ իրականություն չի դառնա, պարզապես անկարող եմ ընկալել այդ նախագծին կողմ քվեարկողներին… ո՞նց են ապրելու հետո ։

-Արդյոք Դուք միտում տեսնում ե՞ք, որ սա ևս մեկ փորձ է Հայաստանը Արցախից զատելու:

-Այսօրվա բոլոր որոշումների թիրախում հենց այդ «միտումն է»։ Ինչքան ուզում են, թող փորձեն, մեկ է իրականությունը մեկն է ու միակը:

-Տիկի՛ն Պետրոսյան, սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակին, Հայաստանի վարչապետը, նախագահն ու ԱԺ նախագահն այդպես էլ մասնակցություն չունեցան եւ չայցելեցին Ստեփանակերտ:

-Շատ ճիշտ են արել, առաջին «խոհեմ» քայլն է։ Մնում էր Արցախ ոտք դնեին։
Դուք արդեն իսկ գիտեք այս հարցի պատասխանը: Մեծ պատիվ է անհայրենիքների մասին խոսելը։ Պետք է ազատվել այս չարիքից, որ երկիրը սկսի շնչել։ Մենք պետք է վերածնունդ ունենաք:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը