Արմեն Չարչյանի գործում մեղադրական դատավճիռ կայացնելու համար, որևէ ապացուցման շեմ հաղթահարված չէ, չկա ուղղակի։ Նման պայմաններում մարդուն կալանքի տակ նման ֆետիշացված ձևով պահելն իրավունքի հետ առնչություն չունի։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Վերջինս նկատեց՝ կալանավորումը ծայրահեղ միջոց է, երբ ոչ մի այլ միջոց հնարավոր չէ օգտագործել՝ անձի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։

«Արմեն Չարչյանը այն բացառիկ մարդկանցից է, որը բժշկության ոլորտում չափազանց մեծ ներդրում ունի, և այս պայմաններում նման վերաբերմունքի արժանացնելն իրենից խոշտանգում է ներկայացնում։ Նժարի վրա ի՞նչ շահ է դրված, որ դա ավելի կարևոր լինի, քան մարդու կյանքը, առողջությունն ու վաստակը։ Սա կարող է վրեժխնդրություն լինել, բռնապետական ռեժիմի դրսևորման ամենադասական իրավիճակներից մեկը»,-նշեց Արամ Վարդևանյանը։

Վերջինս նշեց, որ տոտալ անգործության մատնված իրավապահ համակարգ ունենք։ Արամ Վարդևանյանը նշեց, որ Արմեն Չարչյանը դժվարությամբ էր խոսում, բայց կարողացել է ասել, որ երեկ նա հիվանդանոց է տեղափոխվել գրեթե ուշագնաց լինելու պայմաններում։

«Սա նորմա՞լ է։ Իրավունքը մշտապես զարգանում է դեպի վերև, իսկ այս պայմաններում ինչի՞ հետ գործ ունենք։ Սա ցույց է տալիս՝ անձի խոշտանգում  և իրավապահ մարմինների տոտալ անգործություն, ինչի պատասխանատվությունն իրենք պետք է կրեն»,-ասաց Արամ Վարդևանյանը։