Համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ իր ելույթում վարչապետն ասաց, որ գործընթացը տարբեր քննարկումների ու քննադատությունների տեղիք է տվել. «Քննարկումներ կան բնակավայրերի շահերի պաշտպանության տեսանկյունից ու դրանք պաշտպանելու համար է նաև, որ ներմուծվել է համամասնական ընտրակարգը, ինչը մեծացնում է քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական վերահսկողությունը ՏԻՄ-երի նկատմամբ»:

Հիշեցնենք՝ գործադիրը քննարկում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

«Պարզ է, որ էստեղ կան շահեր: Եթե 30 համայնք միավորում ենք ու դարձնում մի համայնք, սա նշանակում է, որ էդքան ղեկավար, աշխատակազմ… հասկանալիորեն, փորձ պիտի արվի՝ էնտեղ, որտեղ հնարավոր է կրքեր բորբոքել… Ուզում եմ մեր հայրենակիցներին կոչ անել՝ չտրվել սենտիմենտներին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ քաղաքական որոշումը կայացված է: «Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են ու առավել մեծ կարողություններ են ձեռք բերում»: