2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2021 թվականի սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց ՀՀ անկախության 30-ամյակը պետք է պատշաճ ձևով նշվի:

«Ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն ու դա նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին», — ասաց Փաշինյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ը ևս ոչ աշխատանքային օր է. ՀՀ անկախության օրն է: