«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն:

Այն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհված նահատակների հիշատակին»:

Կարճ ստացվում է՝ գունագեղ տոնակատարություն՝ զոհված նահատակների հիշատակին։

Պատերազմում ընկած մեր հազարավոր հայրենակիցների մեկ տարին չի լրացել, սակայն իշխանությունը որոշել է, որ գունագեղ տոնակատարություններով պետք է հարգի «զոհված նահատակների հիշատակը»։

Եթե նույնիսկ մի կողմ դնենք թեմայի քաղաքական առանձնահատկությունները, ապա սա այս իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի բարոյական, մարդկային նկարագիրն է։

Քաղաքական առումով, Հայաստանի անկախության, ինքնիշխանության և անվտանգության մասին հիշատակելն արդեն իսկ, մեղմ ասած, կոռեկտ չէ։

Անվտանգություն չկա, ինքնիշխանությունը փլուզվել է, անկախությունն ասվածն էլ՝ խիստ չափազանցված։

Խորհրդանշական է, որ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունը հնչեցնում է Արցախի տարածքի 75%-ի կորստի, ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի մինչև 3.8կմ ներխուժման և անարժանապատիվ խաղաղության պայմաններում»: