ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանն աշխատանքից ազատվելու մասին գրառում է արել ֆեյսբուքյան էջում․ «Տեղեկացնում եմ, որ սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմում եմ ներկայացրել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավելի քան 2.5 տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, քանզի այս պաշտոնում նշանակվել եմ Ծառայության ձևավորման սկզբնական շրջանում՝ ժամանակահատված, երբ անհրաժեշտ էր սեղմ ժամկետներում կազմավորել պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր և արդյունավետորեն իրացնել ու ապահովել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Վարչապետին վերապահված վերահսկողական լիազորությունները:
Առանձնահատուկ շնորահակալություն եմ հայտնում Ծառայության նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ Ծառայության համար փորձություններով լի ժամանակահատվածում համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ինչպես նաև Ծառայության աշխատակիցներին՝ ցուցաբերած բարձր ցուցանիշների, պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության և անբասիր ծառայության համար:
Հայտնում եմ, որ աշխատանքային գործունեությունս շարունակելու եմ պետական կառավարման համակարգում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի»: