Կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կամ ամիսը երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնելու մասին որոշումը չի հակասում ՀՀ օրենքներին եւ սահմանադրությանը: Նման կարծիք լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«ՀՀ-ում գործում է բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին օրենքը, որը հստակ կետերով ամրագրումներ ունի, ինչին հղում կատարելով ընդունվել են ենթաօրենսդրական ակտեր, եւ այդ ենթաօրենսդրական ակտերը բխում են օրենքներից, այսինքն այն նորմը, որը սահմանված է, ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին եւ գործում է: Իսկ գիտենք, որ մարդու իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում: Այսինքն որեւէ խնդիր այստեղ սահմանադրության, օրենքների հետ մենք չունենք», — ասաց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից եթե մարդիկ պատվաստված չլինեն, պետք է 14 օրը մեկ թեստավորվեն եւ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուներին: Սա վերաբերում է բոլոր տնտեսվարող կազմակերպություններին: Բացառություն է արվում միայն հղիների եւ հակացուցում ունեցող քաղաքացիների համար:

Այս որոշմանը չհետեւող աշխատակիցները չեն կարող աշխատանքի ներկայանալ, եւ, նախարարի խոսքով, գործատուն իրավունք կունենա խզելու աշխատանքային պայմանագիրը: Իսկ գործատուի նկատմամբ կարող են տույժեր եւ տուգանքներ կիրառվեն՝ որոշմանը չհետեւելու համար: