Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան։

Նիկոլ Փաշինյանն այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ և Պատվո պահակախմբի ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ զետեղելով հավերժական կրակի մոտ։

Հաջորդիվ կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը։

«Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Նիկոլ Փաշինյանին Վրաստանի նախագահի նստավայրում և կարևորել Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Վրաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և բազմաոլորտ փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է կրկին հանդիպել նրան։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար Վրաստանի հետ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն թե՛ երկկողմ բարեկամության ամրապնդման, թե՛ տարածաշրջանային կայունության ապահովման համատեքստում։

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցների միջև մտքերի փոխանակություն է ծավալվել հայ-վրացական քաղաքական երկխոսության ամրապնդման, առևտրատնտեսական գործակցության խորացման, հումանիտար կապերի սերտացման շուրջ։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին։ Վրաստանի նախագահը և Հայաստանի վարչապետն ընդգծել են հակամարտությունների՝ խաղաղ ճանապարհով կարգավորման կարևորությունը։

Երեկոյան, ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անունից կտրվի պաշտոնական ճաշ։