Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եթե մի երկիր՝ իր զինանոցում ունենալով, հրաձգային, հրետանային, զրահատանկային, հակաօդային ու օդային հարձակման տարբեր միջոցներով համալրված զորատեսակներ, այդ թվում՝ ժամանակակից հեռահար հրթիռահրետանային տարատեսակ միջոցներ, աշխարհի հզորների սարսափն առաջացնող «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային և հակաօդային պաշտպանության Ս-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրներ, հետախուզական և գրոհային տասնյակ անօդաչու թռչող սարքեր (որոնք ոչ միայն չօգտագործվեցին, այլև դատելով կատարվածից, կարծես թե բանակի հրամանատարությունը մոռացել կամ անտեղյակ էր դրանց գոյության մասին), ՍՈՒ-30 կործանիչներ (որ չունենալով համապատասխան սպառազինություն, կարելի էր, գրագետ ու շրջահայաց ռազմաքաղաքական ղեկավարություն ունենալու դեպքում, հաշված օրերի ընթացքում հաղթահարել այդ բացը), ինժեներական ամրակառույցներով ու շուրջօրյա տեսադիտարկման համակարգերով կահավորված առաջնագիծ և, վերջապես հակառակորդին երկու անգամ մարտադաշտում հաղթած և հրադադար պարտադրած մարտունակ բանակ (ինչը փաստվեց նաև պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում մեր ժամկետային զինվորների և նրանց հրամանատարների կողմից ցուցաբերված հերոսական դիմադրությամբ), ոչ միայն ընդունեց իր նվաստացուցիչ պարտությունը, այլև շարունակում է մեկը մյուսի հետևից կատարել ավելի շատ զիջումներ, քան ենթադրում էր նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունը, ապա այստեղ խնդիրը ոչ թե հայ զինվորրի, այլ բացառապես պատերազմական իրավիճակում պետության ղեկը վարած ռազմաքաղաքական պատասխանատուների ապիկարության մեջ է…

Իսկ այն, ինչ այսօր ռազմաիրավապահ մարմինների կողմից կատարվում է բանակի ստորին և միջին հրամանատարական կազմին տարատեսակ մտացածին մեղադրանքներ ներկայացնելու և այդ ամենով երկիրը խայտառակ պարտության հասցրած բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հանցավոր անգործությունը պարտակելու համար, ապա ոչ այլ ինչ է, քան հերթական աչքակապություն՝ որը հղի է ավելի կործանիչ հետևանքներով…»։