Հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրու ՏԻՄ ընտրություններին Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով «Հայաստան» դաշինքը չի մասնակցի։ Չի բացառվում դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ն առանձին մասնակցություն ունենա։ Փոխարենը ընտրություններին ընդառաջ Գյումրիում քաղաքական նոր միավորում կձևավորվի, որը ևս մասնակցություն կունենա ընտրություններին։ Թե որ կուսակցություններից, կամ քաղաքական միավորումներից է այն կազմված լինելու նախաձեռնողները խոստանում են հրապարակել առաջիկա օրերին։ Միաժամանակ մեզ հայտնի դարձավ, որ ՏԻՄ ընտրություններին նրանք կմասնակցեց «Թասիբով» դաշինքով։ Դաշինքի քաղաքապետի թեկնածուն քաղաքական- հասարակական գործիչ, գյումրեցի Կարապետ Պողոսյանն է։ Դաշինքի անդամները մտադիր են ավագանու ցուցակում ներգրավել անվանի գյումրեցիների, ովքեր որեւէ առնչություն չեն ունեցել ոչ ներկաների, ոչ նախկինների հետ։

Նշենք, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 17-ին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արդեն իսկ պաշտոնապես հաստատել է տեղեկությունները, որ ՔՊ ցուցակը գլխավորելու է գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև նորաստեղծ «Գյումրին կռնա»-ն։ ՀՀԿ ցուցակը մեր տեղեկություններով գլխավորելու է Գյումրու  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին՝ Արտյոմ Ղուկասյանը։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա մենք տեղեկացանք, որ կուսակցությունում ընտրություններին մասնակցելու հարցի շուրջ քննարկումները շարունակվում են։ ԲՀԿ-ն ամենայն հավանականությամբ որոշում կունենա շաբաթվա վերջ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում ևս քննարկումներ են ընթանում։ Մասնակցության պարագայում ավագանու ցուցակը գլխավորելու է ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը։

Կան տեղեկություններ, որ «Բալասանյան» դաշինքը ևս կմասակցի ընտրություններին։ Ինքը՝ Սամվել Բալասանյանն արդեն տեղեկացրել էինք, որ իշխանության հետ համաձայնություն ունի, ընտրություններից հետո կնշանակվի մարզպետ։ Իսկ ահա «Բալասանյան» դաշինքի ցուցակը ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը։

Irakanum.am