Եվրոպական Միության խորհուրդը որոշել է նվազեցնել համաճարակաբանական տեսանկյունից ապահով երկրների ցանկը՝ 6 երկիր բացառելով: Այս մասին գրում է Schengenvisainfo կայքը՝ նշելով, որ այդ երկրներն են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բրունեյը, Ճապոնիան և Սերբիան:

Տվյալ որոշումը քննարկվել է ԵՄ խորհրդի նիստում, սակայն պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել: Որոշումն ավարտուն տեսքով կհրապարակվի շաբաթվա վերջին:

Ապահով երկրների ցանկից բացառումը նշանակում է, որ ԵՄ անդամ երկրներին խորհուրդ է տրվում վերականգնել մուտքի սահմանափակումները տվյալ երկրներից ժամանող ճանապարհորդների համար, որոնց ավելի վաղ թույլատրվել էր առանց սահմանափակումների այցելել ԵՄ և Շենգեն գոտու երկրներ:

Սահմանափակումները կարող են ներառել թեստավորում, կրկնակի թեստավորում, կարանտին կամ ընդհանրապես մուտքի արգելք չպատվաստված անձանց համար: