ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնել է Հովսեփյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը։

«Մենք անպայման բողոք ենք ներկայացնելու Վերաքննիչ դատարան, ուղղակի որոշումը դեռ չենք ստացել։ Երեկ հրապարակվել է դատարանի որոշման եզրափակիչ մասը։ Որոշումը ստանալուն պես կծանոթանանք դրան, ինչից հետո բողոք կներկայացնենք»,- նշեց Ռաֆայելյանը։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Սեպտեմբերի 7-ին տարածված հաղորդագրության մեջ նաև ասվում էր, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը, զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը։ Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):